«Հեղուկ գազի նախկին գներին վերադառնալը պակաս իրատեսական է»,- այս համոզմանն է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում մայիսի 13-ին լրագրողների հետ զրույցում նախարարը հայտնել է, որ առաջիկա օրերին Հայաստանը նաև Իրանից հեղուկ գազ կներկրի, ինչի արդյունքում գները որոշ չափով կիջնեն։

«Իրանում էկոնոմիկայի նախարարության կցորդը երեկ ինձ զեկուցել է, որ Իրանից հեղուկ գազի արտահանման խնդիրը լուծվել է։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Հայաստան է մտնելու նաև իրանական հեղուկ գազ, որի արդյունքում գները կիջնեն։ Այս փուլում, կարճաժամկետում վերադարձ հին գներին, մի քիչ պակաս իրատեսական եմ համարում, շատ պարզ պատճառով, որովհետև Ռուսաստանում գները ավելացել են։ Եթե մի շաբաթ հետո անգամ 200 դրամ լինի, ֆանտաստիկ լավ կլինի»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով ապրիլին Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտին և գների կտրուկ աճին, Պապոյանը պարզաբանել է, որ դա պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանը տուրք է սահմանել երկրի սահմաններից դուրս բերվող հեղուկ գազի վրա, ինչ էլ գնագոյացման պատճառ է դարձել։

«Ռուսաստանի Դաշնությունից հեղուկ գազը անխափան այս օրերին գալիս է, բայց Ռուսաստանի Դաշնությունում գների աճ է տեղի ունեցել, որոշակի, որը այստեղ իր ազդեցություն ունեցել է»,- ասել է Պապոյանը։

Ապրիլին՝ անդրադառնալով խնդրին, էկոնոմիկայի նախարարությունից նշել էին, որ Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։

Մարտին հեղուկ գազի 1 լիտրի արժեքը տատանվում էր 170-180 դրամի սահմաններում։ Թանկացումների ժամանակ հեղուկ գազի գինը հատել է 300 դրամի սահմանը։