Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանին սատարելու հայտարարությամբ՝ նշելով, որ նա միակ ուժն է, որն ի վիճակի է միավորել պառակտված ընդդիմությանը: Նախկին նախագահի խոսքով՝ իր նախորդ հայտարարությանը հաջորդած արձագանքը գերազանցել է սպասելիքները:

Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Կարապետյանն ի վիճակի է ձևավորել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված կառավարություն, որը կկենտրոնանա պետության ամրապնդման և բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արտաքին քաղաքական կուրսին. Կարապետյանի հաղթանակի պարագայում Հայաստանի ստորագրած բոլոր միջազգային պայմանագրերը կմնան ուժի մեջ, իսկ գործընկերների առջև ստանձնած պարտավորությունները միայն կամրապնդվեն:
Բացի այդ, Տեր-Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ Կարապետյանի իշխանության գալը վերջ կդնի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված «հակասահմանադրական և ազգադավ արշավին», ինչը, նրա կարծիքով, կվերականգնի ազգային միասնությունը:





























