
Ապրիլի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց վերջնականապես փչացնել հայ-ռուսական հարաբերությունները:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումից ժամեր անց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց. «Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ի նկատմամբ թշնամական դաշինք: Նման սցենարը ծանր հետևանքներ կունենա»: Սա պարզապես մեկնաբանություն չէր: Սա ռուսական կողմի գնահատականն է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, որը նաև զգուշացում է պարունակում:
Շատ չանցած, «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարեց Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին: Թե ինչ է սա նշանակում, Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանողները շատ ավելի լավ գիտեն: Առնվազն՝ Հայաստանից Ռուսաստան գնացող բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթերը վրաց-ռուսական սահմանին:
Եվ սա դեռ սկիզբն է
Մինչ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին զբաղեցնում է եվրոպական «պայծառ» ապագայով՝ խոստանալով երկնքից «եվրոպական մանանա», Հայաստանը կարող է կանգնել տնտեսական ու էներգետիկ կոլապսի առաջ:
Եթե գազի դիմաց վճարվի եվրոպական սակագնով, Հայաստանի քաղաքացիները կբախվեն աննախադեպ գնաճի: Պատկերացրեք՝ ձմռանը տաքանալու համար միջինը 50 հազար դրամ վճարողը կվճարի առնվազն 150–200 հազար դրամ: Իսկ արդյունաբերության և գյուղատնտեսության համար սա կործանարար հարված է: Այլ ապրանքների ու ծառայությունների թռիչքաձև գնաճի մասին կարող եք ինքներդ պատկերացում կազմել:
Եթե որևէ մեկը կարծում է, թե փրկությունը ադրբեջանական գազն է, ապա իրականությունը շատ ավելի դաժան է: Նախ՝ Ադրբեջանը վաճառում է նաև ռուսական գազ: Երկրորդ՝ անգամ Հայաստանին մատակարարելու դեպքում Բաքուն այն կվաճառի շուկայական բարձր գնով: Երրորդ՝ Հայաստանի էներգետիկ մատակարարումների լծակները Ալիևին հանձնելը նշանակում է դանդաղ ինքնասպանություն: Յուրաքանչյուր խորանարդ մետր գազի համար Ալիևը Հայաստանից պահանջելու է մեկ քառակուսի մետր հող: Իսկ Իրանից գազ ստանալու հեռանկարները Հայաստանի պահանջները բավարարելու համար խիստ մշուշոտ են:
Խաբեություն՝ դիվերսիֆիկացիայի փոխարեն
Փաշինյանի իշխանությունը ժողովրդին մոլորեցնում է՝ ասելով, թե կարող է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և նոր շուկաներ բացել Արաբական թերակղզու երկրներում ու Եվրամիությունում: Փաստն այն է, որ Արաբական թերակղզին այժմ լարվածության կենտրոնում է: Իսկ Եվրամիությունում Հայաստանին ոչ ոք չի սպասում: ԵՄ անդամ դառնալու մասին խոսակցությունները դատարկ ու անբովանդակ նիկոլյան քարոզչություն են: Էլ չենք խոսում ԵՄ-ում հասունացող տնտեսական ու էներգետիկ խնդիրների մասին:
Փաշինյանի իշխանությունը փորձում է հիմնովին ապամոնտաժել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Հայաստանը կանգնեցնելով սոցիալ-տնտեսական և անվտանգային աղետի առաջ: Սա արվում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ռազմավարական ծրագիրը սպասարկելու համար: Նպատակն այն է, որ էներգետիկ, տնտեսական ու անվտանգային ճգնաժամի մեջ հայտնված երկրի բնակչությունը, կանգնելով գոյաբանական խնդրի առաջ, բնազդաբար փրկություն փնտրի թուրքական աշխարհին հպատակվելու մեջ՝ ամեն ինչ զիջելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելուն, որպեսզի, ասենք, գոնե ձմռանը չցրտահարվի և գոյատևելու հնարավորություն ունենա: Այս քաղաքականությունը վերջնականապես կվերացնի հայկական գործոնը տարածաշրջանում:
Լավ լուրը
Սակայն լավ լուրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից հետո հեռանալու է՝ անփառունակ կերպով տապալելով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու նախագիծը:



















































































