«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերից, հատկապես Արաբկիր վարչական շրջանում ստեղծված լարված իրավիճակից հետո, վարչապետը կտրուկ փոխել է իր վարքագիծը:

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի թիմում եղել են մարդիկ, որոնք նրան խորհուրդ են տվել քարոզարշավի ընթացքում երկար զրույցների մեջ չմտնել քաղաքացիների հետ՝ նոր միջադեպերից ու սկանդալներից խուսափելու համար: Երեկ Արարատի մարզում նկատելի էր, որ Փաշինյանը խուսափում է մարդկանց հետ երկար շփումից: Կարճ ողջույններից հետո նա հիմնականում խոսում էր բարձրախոսով՝ իր ասելիքը փոխանցելով առանց էմոցիոնալ պոռթկումների և ուղիղ վեճերի:
Եթե նախկինում Փաշինյանը կանգնում էր, երկար զրուցում քաղաքացիների հետ, լսում նրանց դժգոհություններն ու փորձում անմիջական շփման տպավորություն ստեղծել, ապա այժմ պատկերն այլ է՝ արագ քայլք, հեռվից թռուցիկների բաժանում, անվտանգության խիստ վերահսկողություն և մարդկանց հետ նվազագույն շփում:
«Քաղաքացիական պայմանագրում», ըստ տեղեկությունների, Փաշինյանին հորդորել են փոխել վարքագիծը: Սա նշանակում է, որ նույնիսկ սեփական թիմում հասկանում են՝ փողոցային իրականությունն այլևս նույնը չէ, ինչ 2018-ին էր: Մարդիկ այսօր մոտենում են ոչ թե հիացմունքով, այլ պահանջներով, դժգոհություններով և ծանր հարցերով:
Այսպիսով, Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձում են վերահսկել քարոզարշավի ընթացքը և հնարավորինս խուսափել նոր սկանդալների հանգեցնող իրավիճակներից:
Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք. խուսափելով քաղաքացիների հետ անմիջական բախումներից՝ Փաշինյանը շարունակում է իր ելույթներում թիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին: Նրա հռետորաբանությունը, բառապաշարը և ընդդիմության հասցեին հնչող սպառնալիքները շարունակում են հնչել հրապարակային ելույթներում՝ արդեն ոչ թե դեմ առ դեմ բախումների, այլ բարձրախոսների միջոցով:
Արաբկիրը, կարծես, Փաշինյանի համար դարձավ ոչ թե հերթական քարոզարշավային կանգառ, այլ քաղաքական սթափեցնող ազդակ: Եվ այդ ազդակը, ըստ ամենայնի, իշխանությունը շատ լավ է հասկացել:




























































































































































