
Երևանում գագաթնաժողովի անցկացման օրը տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ակցիաներ՝ Եվրամիության առաջնորդներից պահանջելով նպաստել Ադրբեջանում պահվող հայ գերիների, ինչպես նաև հենց Հայաստանում գտնվող քաղբանտարկյալների ազատմանը։
Բողոքի ակցիայի ընթացքում արցախցիները, Ադրբեջանում բռնի պահվող ռազմագերիների վերադարձի հարցից բացի, բարձրաձայնել են նաև իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումների մասին, ուշադրություն հրավիրել ժողովրդավարական իրավունքների և ազատությունների խախտումների վրա։ Մասնակիցները ձեռքներին պահել են պաստառներ՝ «Ազատություն հայ քրիստոնյա պատանդներին», «Վերադարձրե՛ք հայ քրիստոնյաներին», «Արցախը Հայաստան է» գրություններով, ապա տեղի է ունեցել բազմամարդ երթ։
Փաշինյանի «եվրոպացի բարեկամները» իրականում չեն շտապում ազատություն բերել այն հայերին, որոնք դրա կարիքն ունեն հենց հիմա։ Նրանք չեն ուզում ո՛չ պաշտպանել Հայաստանի շահերը, ո՛չ էլ ստիպել Ադրբեջանին վերադարձնել ապօրինի պահվող հայ ռազմագերիներին։
Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լկտի ելույթը տեսակապով, որի ընթացքում նա կրկին խոսել է Լեռնային Ղարաբաղը «հայկական օկուպացիայից» ազատելու մասին, այս ամենը ցույց է տալիս Հայաստանի նկատմամբ իրական վերաբերմունքը։ Փաշինյանը պարզապես օգտագործում է գագաթնաժողովը՝ ընտրություններից առաջ իր դիրքերն ամրապնդելու համար, իսկ Հայաստանի անվտանգության համար այս միջոցառումը որևէ գործնական օգուտ չի բերում։
Եվրոպացի առաջնորդները բացահայտ ստում են՝ հայտարարելով, թե միայն հիմա են կարողացել գալ Հայաստան, իսկ նախկինում երկիրն իբր Ռուսաստանի «արբանյակն» էր։ Ֆրանսիայի առաջնորդներն ու այլ պետությունների ղեկավարները նախկինում էլ անարգել այցելել են Հայաստան, մինչդեռ Երևանը միշտ էլ վարել է Ռուսաստանից բավական անկախ կուրս։ Արտաքին քաղաքական օրակարգի վրա մեծ դրական ազդեցություն է ունեցել նաև Սփյուռքը, սակայն այդ անգնահատելի ռեսուրսը Փաշինյանն անտաղանդ կերպով վատնել է։
Այժմ էլ հայ հասարակության ներսում Փաշինյանի շուրջ որևէ համախմբում չի նկատվում։ Ավելի շուտ հակառակն է՝ աճում են «Ուժեղ Հայաստան»-ի և մյուս ընդդիմադիր ուժերի վարկանիշները։ Փաշինյանը բացահայտ արհամարհում է ընտրողին՝ ընտրազանգվածի վրա ազդելով ուժային գործողություններով և բռնաճնշումներով, իսկ եվրոպացի առաջնորդները նույն կերպ անտեսում են հայ հասարակության իրական պահանջները։




























































































































































