Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին պատերազմի սպառնալիքով վախեցնում է և շանտաժի է ենթարկում ժողովրդին:

«Թող պատերազմից վախեցող մարդիկ հիշեն, թե ինչ է տեղի ունեցել վերջին ութ տարիների, և ինչ իրավիճակ էր մինչ այդ: Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ այսօր Արցախն ու Հայաստանի զգալի տարածքներ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Սա՞ է խաղաղությունը», – ասել է Թորոսյանը:

Նա նշել է, որ երբ մի կողմը հրաժարվում է ինքնապաշտպանությունից և դիմադրությունից, մյուս կողմի համար պատերազմելու անհրաժեշտությունն անհետանում է: Պատահական չէ, որ Ալիևն ասել է. «Երևան մենք տանկերով չենք մտնելու, այլ մարդատար ավտոմեքենաներով»:

«Թող մարդիկ փաստերը նայեն. որտե՞ղ են այսօր ադրբեջանցիները, և որտե՞ղ էին մինչև 2018 թվականը: Հենց այս իշխանություններն են բերել աղետ, պատերազմ, կորուստներ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ: Փաշինյանը խաղաղություն չի բերել և չի կարող բերել», – ընդգծել է Թորոսյանը:

Նա հիշեցրել է, որ Գարեգին Նժդեհը պատերազմի կոչ չէր անում, այլ ասում էր. «պատրաստ եղիր պատերազմին, ունեցիր ամուր կամք և ամուր բանակ»:

«Մենք խաղաղ ենք եղել այն ժամանակ, երբ հակահարված ենք տվել թշնամուն, երբ պաշտպանել ենք մեր տունն ու հողը: Այդ ժամանակ հայր ու որդի Ալիևները չէին հոխորտում, ձենները կտրել էին: Սրանց իշխանության գալուց ընդամենը 2 տարի առաջ Իլհամ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Իրական խաղաղություն կարող է լինել միայն սրանց գնալուց հետո, երբ դիմացինը կհասկանա՝ ոտնձգություն կատարի՝ կստանա արժանի հակահարված», – եզրափակել է Թորոսյանը: