«Հրապարակ» թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կառավարությունում ակտիվ փուլում է նոր օրինագծի մշակումը՝ «ատելության խոսքի» դեմ պայքարի անվան տակ: Իրականում, ինչպես գրում է պարբերականը, սա ԶԼՄ-ների և ընդդիմության համար հերթական «զսպաշապիկն» է:

Բացի այդ, իշխանությունները մշակում են ֆինանսական թափանցիկության, հավատարմագրումից զրկելու և անգամ լրատվամիջոցների փակման մեխանիզմներ: Սակայն այդ միջոցները կիրականացվեն միայն այն դեպքում, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» պահպանի իշխանությունը հունիսի 7-ի ընտրություններից հետո:

Մշակմանը մասնակցում են իշխող կուսակցությանը հավատարիմ կառույցներ և անձինք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, ինչպես նաև նախարարի խորհրդականը: Արդեն կազմվել է «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» փաստաթուղթ, որը նախատեսում է ահռելի տուգանքներ՝ 3 000-ից մինչև 6 000 նվազագույն աշխատավարձի չափով:

Սակայն գլխավոր խնդիրը նույնիսկ տուգանքները չեն, այլ այն, որ իշխանությունը որոշել է աղավաղել ատելության խոսքի դեմ պայքարի գաղափարը: Այս հասկացության ներքո ներառվում է ոչ միայն ռասիզմը, քսենոֆոբիան կամ կրոնական ատելությունը, այլև «քաղաքական հայացքների» հիմքով քննադատությունը: Իսկ դա նշանակում է, որ կպատժվեն, օրինակ, սոցցանցերում «Քաղաքացիական պայմանագրի» դեմ գրառումներ կատարողները:

Փաստացի, «Քաղաքացիական պայմանագիրն» իր համար իրավական մահակ է ձևավորում այլախոհների դեմ գործադրելու համար: Եվս մեկ ապացույց, որ «ատելության» դեմ պայքարի քողի ներքո իշխանությունը պատրաստում է ճնշումները խստացնելու և ցանկացած քննադատություն ճնշելու հողը: Հայաստանում խոսքի ազատությունը վտանգված է: