
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իշխող ռեժիմի պարագլուխների՝ Արցախում ոչնչացվող հոգևոր և պատմամշակութային արժեքների վերաբերյալ պասիվ մեկնաբանությունները արտաքին աշխարհին երկու վտանգավոր ազդանշան են ուղարկում:
«Առաջինը՝ Ադրբեջանին արտոնում են շարունակել ցեղասպան քաղաքականությունը: Երկրորդը՝ միջազգային հանրությանը իրազեկում են, որ Հայաստանը առանձնապես խնդիրներ չի տեսնում ադրբեջանական վանդալիզմում, և լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա», – գրել է Աբրահամյանը:
Նա ընդգծել է, որ Արցախում ոչնչացվում է հայկական ժառանգությունը՝ հայերի հազարամյա հետքը այս տարածաշրջանում: Եվ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ կառավարության շենքից անընդհատ «կանաչ լույս» է տրվում: «Քաղաքացիական պայմանագրի» իշխանություններն իրենց պասիվությամբ և անտարբերությամբ փաստացի խրախուսում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը: Մինչ Փաշինյանն ու իր թիմը լռում են կամ սահմանափակվում ձևական հայտարարություններով, Ադրբեջանը շարունակում է համակարգված կերպով ոչնչացնել հայկական հուշարձանները: Սա ոչ թե պարզապես անգործություն է, այլ՝ մասնակցություն այդ հանցագործությանը:




























































































































































