
Մինչ Նիկոլ Փաշինյանն ամբիոնից խոսում է «օրենքների և օրինապահության» մասին, ինքն անպատիժ քանդում է սահմանադրական կարգը և ոտնահարում իրավական պետության հիմքերը։ Իրավունքների ջատագով Արևմուտքը ցուցադրաբար աչք է փակում նրա բոլոր հակասահմանադրական քայլերի և կամայականությունների վրա։ Ըստ աղբյուրների՝ Փաշինյանը վարվում է, կարծես սովետական դպրոցի տնօրեն է, իսկ քաղաքացիները՝ «բութ աշակերտներ», որոնց կարող է անկյուն կանգնեցնել, կերակրել ստով, որոշել՝ ով որտեղ աշխատի, երբ ազատման դիմում գրի և «տուն գնա»։
Նման դրսևորումները նոր չեն։ Փաշինյանն առաջին անգամ այդ էությունը ցույց տվեց 2019 թվականի ապրիլի 10-ին՝ այցելելով Նորագավիթի մաքսային կետ։ Տեսնելով հայկական դրոշը հատակին՝ նա շարքային աշխատակցի նկատմամբ թատերական զայրույթի տեսարան կազմակերպեց և կատաղության պահին հրահանգեց. «Աշխատավարձովդ դրոշ կառնես, կդնես գլխավերևդ, հետո դիմում կգրես, կգնաս տուն, հասկացա՞ր»։ Այնուհետև հանձնարարականներ տվեց իրեն ուղեկցող ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանին, որը պատասխանատու էր մաքսային ոլորտի համար։
«Այդ սենյակում աշխատած բոլորին ազատել աշխատանքից, անձամբ ինձ կզեկուցես… կանգնելու ձևը, հագուստը՝ կարծես քուչում լինեն։ Լավ է՝ չեն միզել։ Ի՞նչ նշանակություն ունի, որ տարածքը վարձակալված է։ Երբ բնակարան ենք վարձում, ասո՞ւմ ենք՝ ոչինչ, թող խոզանոց լինի», — ինքնատիրապետումը կորցրել էր Փաշինյանը։
Հատկանշական է, որ նույն Փաշինյանը, որը վրդովվել էր մաքսավորի պահվածքից, չվրդովվեց այն փաստից, որ նույն Շուշանիկ Ներսիսյանը 2022 թվականին աշխատանքից ազատվեց, մեկնեց ԱՄՆ, որտեղ, ըստ լուրերի, անշարժ գույք գնեց, բիզնես բացեց և շքեղ կյանք է վարում Հայաստանից գողացված միջոցներով։
Փաշինյանը մանրուքներից է կատաղում՝ «բելոմոր» ծխախոտի բիչոքից, էժան ծորակից, բասկետբոլի շիթից, քաղաքացու՝ «զգաստ» չկանգնելուց, Ստեփան Զորյանի «Ցանկապատի» մասին մեկնաբանությունից։ Կարող է ձեթոտ «պերաշկի» ուտել առանց անձեռոցիկի, ձեռքերը սրբել հագուստին, խաշլամայի ոսկորները նետել Պապիկյանի առջև, սպառնալ և գոռալ քաղաքացիների վրա՝ չարաշահելով վարչապետի կարգավիճակը և խաղալով նրանց վախերի վրա։ Բայց դրանք մանրուքներ են այն անօրինականությունների համեմատ, որոնք նա թույլ է տալիս իրեն՝ հրահանգելով մաքսավորին ազատել, զինվորականին զորացրել, աղջկա համար բարեխոսողին ասել՝ «էս մարդու աղջկան մանկապարտեզի տնօրեն չնշանակեք», խախտելով Աշխատանքային օրենսգիրքն ու Սահմանադրությունը։
Թեկնածուներից մեկի հայրը համարձակվել էր Իջևանում մոտենալ Փաշինյանին և պատմել, թե ինչպես է նրա հովանավորյալը՝ մարզպետ Հայկ Ղալումյանը, ապօրինի կադրային նշանակումներ անում։ Նիկոլ Փաշինյանը իրեն ինքնակալ է համարում և պահում է այնպես, կարծես աշխարհի տերն է։
Կիրակի օրը Ագարակ գյուղում զինվորականը փորձել էր խոսել դիրքերում առկա խնդիրների մասին՝ ՊՆ-ի տրամադրած սնունդն անորակ է, ճանապարհներ չկան և այլն։ Փաշինյանին դուր չեկավ հարցը, սկսեց կոպտել՝ «Զգա՛ստ կանգնիր», ապա հրամայեց Պապիկյանին՝ «Զորացրիր այդ զինվորականին, թող գնա, ինքն ի վիճակի չէ ծառայության. եթե զինվորական է, զորացրի, թող գնա, չգիտեմ՝ ինչ ա օգտագործած, խմած ա, քաշած ա, տենց զինվորներ մեր բանակին պետք չեն»։
Ի՞նչ իրավունքով է Փաշինյանը ոչ աշխատանքային ժամին զինվորականին ստիպում զգաստ կանգնել և հրամայում նրան ազատել համակարգից։ Գուցե այդ մարդն իր առողջությունը նվիրել է հայրենիքին, վնասվածքներ ստացել։ Ո՞ր օրենքի հիման վրա է Նիկոլ Փաշինյանը մանկապարտեզների տնօրեններ նշանակում կամ զինվորականների հեռացնում համակարգից։
«Հրապարակ»-ը զրուցել է փաստաբան Հայկ Ալումյանի հետ։ Փաշինյանի հանձնարարականների մասին նա ասել է. «Փաշինյանը, անշուշտ, չունի նման բան անելու իրավունք, բայց եթե մարդիկ դատարանում չեն վիճարկում, չեն պայքարում իրենց իրավունքների համար, ո՞վ է մեղավոր։ Եթե մեկ-երկու մարդ դատարանում վիճարկեն, երրորդ դեպքը չի կրկնվի։ Ցանկացած ապօրինի գործողություն պետք է վիճարկել դատարանում. այդպես են հասնում արդարության, այդպես է ստեղծվում իրավական պետությունը։ Բոլոր երկրներում էլ ղեկավարները, իմանալով, որ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, կարող են անել ինչ ուզեն։ Ես, իհարկե, սխալ եմ համարում Փաշինյանի քայլերը, սակայն սխալ են նաև քաղաքացիները, ովքեր թույլ են տալիս նման վերաբերմունք։ Փաշինյանի գործողությունները մեկ բառով՝ ինքնիրավչություն են։ Հետագայում նրա դեմ շատ մեղադրանքներ են ներկայացվելու, այս մեկը կարող է նույնիսկ առաջին հիսնյակի մեջ չլինել, բայց որ այդ արարքները մեծ ցուցակով հասնելու են դատարան՝ դրանում վստահ եմ»։




























































































































































