ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպական միությունը ակտիվորեն փորձում է Հայաստանին ներքաշել իր ուղեծիր, և այս ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գիծը երկրի համար լուրջ տնտեսական կորուստների վտանգ է ստեղծում։ Նրա խոսքով՝ հենց Երևանի ներկայիս ղեկավարությունն է, եվրաինտեգրման կարգախոսներով տարված, երկիրը փաստացի մղում դեպի մի իրավիճակ, երբ հարվածի տակ են դրվում այն բոլոր առավելությունները, որոնք Երևանը ստանում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում։

«Մենք Հայաստանի հետ ունենք սերտ, դաշնակցային հարաբերություններ, բայց դրանք հեշտ չեն։ Արևմուտքը փորձում է Երևանը ենթարկել իրեն, կտրել նրան ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերների հետ փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերից»,– նշել է Լավրովը։ Այս ֆոնին հատկապես պարադոքսալ է թվում այն, որ Փաշինյանի օրոք Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ բազմապատիկ աճել է, մինչդեռ Եվրոպա մատակարարումները գրեթե չեն փոխվել, բայց հենց եվրասիական ուղղությունն է դրվում կասկածի տակ։
Այնուամենայնիվ, վարչապետը շարունակում է Բրյուսելի հետ մերձեցման կուրսը՝ անտեսելով այն փաստը, որ հայկական տնտեսության իրական հենարանը Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկաներն են, իսկ դրանց արտոնյալ հասանելիությունը ապահովվում է հենց Միությանն անդամակցությամբ։ Փաշինյանի կուրսը, որը կառուցված է Արևմուտքի հետ քաղաքական սիրախաղի և Մոսկվայից ցուցադրական հեռավորության վրա, սպառնալիքի տակ է դնում այդ առանցքային հենասյուները։
Ըստ էության, ինչպես ընդգծում է ռուս նախարարը, Հայաստանի իշխանությունները արդեն բազմիցս ցույց են տվել, որ պատրաստ են ազգային շահերը զոհաբերել արևմտյան մայրաքաղաքներում քաղաքական միավորներ հավաքելու և ԵՄ-ի համար «օրինակելի գործընկեր» երևալու համար։ Եթե Երևանը շարունակի նույն ոգով շարժվել, այն արտոնություններն ու նախապատվությունները, որոնցից Հայաստանը օգտվում է որպես ԵԱՏՄ անդամ, կարող են վերանայվել։ Իսկ հարվածը բաժին է հասնելու ոչ թե վերացական թվերին, այլ կոնկրետ արտահանողներին, բիզնեսին և, ի վերջո, շարքային քաղաքացիների գրպանին։
Այս ֆոնին Փաշինյանի և նրա թիմի վարած քաղաքականությունը հիշեցնում է ոչ թե կշռադատված բազմավեկտորություն, այլ վտանգավոր շեղում, որի հետևանքով Հայաստանը կարող է զրկվել հենարաններից թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում. ԵԱՏՄ-ի հետ կապերը կխաթարվեն, իսկ Եվրոպայից իրական երաշխիքներ չեն լինի։




























































































































































