«Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ և Հայաստանի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Արմավիրի բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ համայնքի ամենակարևոր հարցերից մեկը գյուղացիների պաշտպանվածության աստիճանն է։ Նա շեշտեց, որ hենց գյուղացիներն են օր ու գիշեր ծանր աշխատանքով կերակրում իրենց ընտանիքներն ու երկիրը, սակայն գործող համակարգում հենց իրենք են սկզբից հայտնվում «պարտված կողմի» դերում։

Թաթոյանի խոսքով՝ ներկա համակարգը իր էությամբ անարդար է․ ֆերմերը բերք է աճեցնում՝ չիմանալով, թե ինչ գնով կկարողանա այն վաճառել և իր աշխատանքի դիմաց փաստացի ինչ վարձատրություն կստանա։ Եթե ինչ-ինչ պատճառներով բերքի որակը ավելի ցածր լինի, պետությունը թիկունք չի կանգնում և ռիսկերը չի փոխհատուցում՝ գյուղացիներին թողնելով շուկայի խնդիրների հետ մենակ։
Նա նշեց, որ բերքը իրացնելու համար ֆերմերները ստիպված են դիմել խոշոր ընկերություններին, ստանալ մերժումներ ու լսել դրանց «պատճառաբանությունները», մինչդեռ, ըստ Թաթոյանի, իրականում պետք է հակառակ պատկերն ունենանք․ պետությունն է, որ պարտավոր է աջակցել գյուղացուն, որովհետև նրա աշխատանքն ու բերքը մեր երկրի անվտանգության բաղադրիչներն են։ Թաթոյանը ընդգծում է, որ քաղաքներն ու Երևանն ընդհանուր առմամբ պարզապես չեն դիմանա առանց գյուղի կայուն աշխատանքի։
Դրանով պայմանավորված՝ ընդդիմադիր թեկնածուն հայտարարեց, որ ինչպիսի պետություն էլ կառուցվի, եթե ֆերմերի աշխատանքը բարձր գնահատանքի չարժանանա և չապահովվի, Հայաստանի իրական անվտանգությունը չի կարող կայուն լինել։ Նա առանձնացրեց նաև ոռոգման խնդիրը՝ նշելով, որ իշխանությունների առաջնահերթություններից մեկը պետք է լինի գյուղաբնակների համար ոռոգման ջրի հարցի լուծումը։
Թաթոյանը ներկայացրեց իրենց քաղաքական ուժի հստակ ծրագիրը․ ոռոգման ջրի դրամական բեռը պետք է լինի խորհրդանշական։ Մինչև 0,5 հեկտար հող ունեցողի համար ամբողջ սեզոնի ոռոգման ջրի արժեքը պետք է կազմի 500 դրամ, 1 հեկտարի համար՝ 1000 դրամ, 2 հեկտարի համար՝ 2000 դրամ։ Նրա համոզմամբ՝ եթե պետությունը գյուղացուն ջրով չի ապահովում, վերջինս ամբողջ տարին տառապելու է և չի իմանա, թե ինչ բերք է ստանալու, մինչդեռ պատասխանատու իշխանությունը պարտավոր է հենց այսպիսի կոնկրետ քայլերով պաշտպանել ֆերմերին և սատարել գյուղատնտեսությանը։ Այսպիսով, ընդդիմությունն առաջարկում է ոչ թե վերացական կարգախոսներ, այլ գյուղին աջակցելու հստակ քայլեր։




























































































































































