«Դուք կարող եք հույս դնել մեզ վրա, միասին անցնել այս ընդհանուր ճանապարհը», — հայտարարել է Անտոնիու Կոշտան՝ խոսելով Հայաստանում առաջիկա ընտրությունների մասին։

Ինչո՞ւ Հայաստանի ընտրողները չեն կարող այդ ճանապարհն ինքնուրույն անցնել։ Ինչո՞ւ են Հայաստանում ընտրությունները Փաշինյանի և Եվրամիության ղեկավարների «ընդհանուր ճանապարհը», որը նրանք ուզում են «միասին անցնել»։
Կոշտայի հայտարարությունները՝ Կալասի, Մակրոնի, Սթարմերի, ֆոն դեր Լեյենի և Եվրամիության մյուս ներկայացուցիչների հայտարարությունների հետ միասին, վկայում են ԵՄ-ի բացահայտ միջամտության մասին Հայաստանի ներքաղաքական պայքարին։ Ակնհայտ է, որ այդ միջամտությունը Փաշինյանի ռեժիմի օգտին է․ սա փորձ է ամեն գնով ստիպել հայ ընտրողներին քվեարկել «ճիշտ»։
Միևնույն ժամանակ եվրոպացի քաղաքական գործիչները խուսափում են պատասխանել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին հարցերին։ Ի՞նչ ռազմագերիներ։ Ոչ մի ռազմագերի էլ չգիտենք։ Նրանց ազատել պետք չէ։ Բայց եթե խոսքը ազատության մասին է, ապա ձեզ պետք է քվեարկել Փաշինյանի օգտին։
Հայ ընտրողներին չեն հարգում, նրանց կարծիքի հետ հաշվի չեն նստում․ եվրոպացիները, ըստ էության, հայերին վերաբերվում են որպես «աբորիգենների»։ Նրանց թվում է, թե բավական է Հայաստան բերել Մոլդովայի կամ Ռումինիայի ընտրություններում աշխատած քաղտեխնոլոգների մի քանի խումբ, և ցանկալի արդյունքը կապահովվի։ Մնում է հասկանալ՝ արդյոք մենք համաձայն ենք լինել այնպիսի «աբորիգեններ», ինչպիսին մեզ պատկերացնում է Կոշտան։
Այս ամենի ֆոնին Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը Հայաստանում իրեն չափազանց ազատ է զգում. նա հանգիստ դատողություններ է անում այն մասին, որ Հայաստանը դեռ պետք է մի շարք քայլեր ձեռնարկի Թուրքիայի կողմից «վստահության բարձրացման» համար։ Սա ոչ թե դիվանագետի, այլ փոխարքայի պահվածք է։ Նա ազատություն ունի նման բաներ ասելու՝ գտնվելով Հայաստանում։ Եվ, իհարկե, նա նույնպես ասում է, որ մենք պետք է քվեարկենք Փաշինյանի օգտին։




























































































































































