«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում չեն դադարում սկանդալներն  ու ներքին  «ռազբորկաները»՝ կապված խորհրդարանական ընտրություններից առաջ կազմվող նախընտրական ցուցակի ձևավորման ներքին քվեարկության հետ։ Անցած շաբաթ կայացած եռօրյա քվեարկությունից հետո իշխող թիմում դժգոհության զգալի ալիք է բարձրացել․ կուսակցության բազմաթիվ անդամներ համոզված են, որ այսպես կոչված ներքուսակցական ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար, այլ՝ հստակ վերահսկվող և սուբյեկտիվ։

Մինչ ընտրությունները կուսակցության պատվիրակների շրջանում քարոզչությունն արգելված էր, և թեկնածուներին թույլատրվել էր միայն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ անել ու այդ կերպ մոտ հազար կուսակցական ընտրիչներից ձայն խնդրել։ Սակայն ստացված արդյունքները այնպիսի տարօրինակ և քիչ հավանական ստացվեցին, որ շատերի մոտ այլևս կասկած չի մնացել․ որոշ «ցանկալի» անձանց համար գործել են փակ պայմանավորվածություններ, իսկ մի շարք թեկնածուներ իրենց հարցերը լուծել են պատվիրակների հետ ուղղակի շփումների, բարեխոսությունների և ճնշումների միջոցով։ Այս ֆոնին ՔՊ-ի բազմիցս կրկնվող խոստումները «դեմոկրատական, ազատ և արդար ընտրությունների» մասին առանձնապես կեղծ հնչողություն են ստանում, երբ այդ ստանդարտները չեն գործում անգամ կուսակցության ներսում։

Տեղի ունեցած մանիպուլյացիաներն առավել տեսանելի են դառնում ՔՊ-ական մարզպետների ստացած ձայների թվերից։ Նույն կուսակցության ներսում անգամ ակնկալում էին, որ գործող պատգամավորներն ու գործադիրի այն անդամները, որոնք ի պաշտոնե ավելի շատ են զբաղված կուսակցական գործունեությամբ, հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով և առավել ճանաչելի են հանրության ու կուսակցական շարքերի համար, ավելի շատ ձայներ կհավաքեն, քան մարզպետները։ Հաշվարկը պարզ էր․ մարզպետներից յուրաքանչյուրին հիմնականում կարող էին աջակցել իր ղեկավարած մարզի պատվիրակները, մի քանի համայնքների տարածքային կառույցների ներկայացուցիչներ և որոշ կոլեգաներ կամ ենթականեր, ինչի արդյունքում առավելագույնը մոտ 100–150 ձայն կարելի էր ակնկալել։ Բայց իրականում մի շարք մարզպետներ հավաքել են այնպիսի բարձր թվեր, որ տեղ են զբաղեցրել ընտրական ցուցակի առաջին հիսնյակում, ինչը գրեթե անհնար է առանց նախապես ձեռք բերված փոխադարձ պարտավորությունների և վարչական ռեսուրսի կիրառման։

Ամենաշատ քվե է ստացել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ մոտ 500 ձայն, թեև ընդամենը մի քանի ամիս առաջ նա Ազգային ժողովից տեղափոխվել էր Լոռի, և պատգամավոր լինելու տարիներին առանձնապես աչքի չէր ընկնում ակտիվությամբ՝ միայն մեկ-երկու էմոցիոնալ ելույթներով «նախկինների» թեմայով։ Նրան հաջորդել է վարչապետ Փաշինյանի քավորը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ 308 ձայնով, ապա Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ 294 ձայնով։ Երեքն էլ հայտնվել են ցուցակի առաջին հիսնյակում, սակայն Մովսիսյանը ստիպված է եղել զիջել տեղը մի կին թեկնածուի՝ կանանց քվոտան ձևականորեն ապահովելու նպատակով։

Բավական բարձր արդյունք է գրանցել նաև մեկ այլ մարզպետ՝ նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Վահրամ Խաչատրյանը, որը ստացել է 240 ձայն։ Այս ամենից ստացվում է, որ ՔՊ-ն մի կողմից օր ու գիշեր քննադատում է նախկիններին, իսկ մյուս կողմից՝ առանց երկմտելու բարձր տեղեր է հատկացնում նույն այդ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էլ քիչ ձայներ չի ստացել՝ 224, չնայած «Յոթ վերք» եկեղեցու մոտ անցկացված աղմկահարույց պատարագից հետո համառ խոսակցություններ կային, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել «կեղծ պատարագի» կազմակերպվածությունից, և մարզպետի պաշտոնանկությունը ժամանակի հարց է։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նույնպես «վատ» թվեր չունի՝ 207 ձայն, իսկ նախկինների մեկ այլ ներկայացուցչի՝ Վայոց Ձորի ղեկավար Վահագն Արսենյանի օգտին արձանագրվել է 189 ձայն։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ստացել է 188 ձայն և մարզպետների ցանկի վերջնամասում է, ինչպես նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը՝ 177, և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ 132 ձայնով։ Ներքին ընտրությունների այս պատկերը հստակ ցույց է տալիս, որ առավելություն են ստացել ոչ թե հանրային վստահություն վայելող գործիչները, այլ նրանք, ովքեր ավելի հարմար են կուսակցության վերնախավի քաղաքական հաշվարկներին։

Ընդհանուր պատկերը վկայում է, որ մարզպետների և կուսակցության կենտրոնական ղեկավարության միջև ձևավորվել է առնվազն մասնակի փոխադարձ աջակցության պայմանավորվածություն: Մարզպետները քարոզել են մեկը մյուսի օգտին, հանձնարարականներ ու «խնդրանքներ» տվել իրենց մարզերի տարածքային կառույցների ղեկավարներին՝ գործընկերներին հնարավորինս շատ ձայներ ապահովելու և նրանց ցուցակի վերին հատվածում ամրագրելու համար՝ փաստացի ապահովագրելով սեփական ապագան իշխանությունում: Այն կուսակցության համար, որը տարիներ շարունակ իրեն ներկայացնում է որպես «ճիշտ ժողովրդավարության» օրինակ, փակ և վերահսկվող քվեարկությունների նման սխեման միայն ընդգծում է իր հռետորաբանության և իրական գործելակերպի միջև առկա անջրպետը: