«Շատ են խոսում միջին աշխատավարձի բարձրացման մասին, տարբեր համեմատություններ են անում, բայց ամենակարևոր նրբերանգը մնում է քննարկումներից դուրս», – խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ քննարկումներից ամբողջությամբ դուրս է մնում աշխատավարձերի աճի որակական կողմը, այսինքն՝ սոցիալական արդարությունը։ Պատգամավորի գնահատմամբ՝ աշխատող աղքատների կյանքի որակը վերջին հինգ տարում միայն վատացել է։ Դրա պատճառը գնաճն ու եկամուտների անարդար բաշխման խորացումն է, որը իշխանությունը նախընտրում է չնկատել։

Ավետիսյանը ներկայացրեց նաև պաշտոնական տվյալներ. այո, 2025 թվականին միջին աշխատավարձն աճել է 2021 թվականի համեմատ։ Զուտ միջին աշխատավարձն ավելացել է մոտ 80 հազար դրամով։ Սակայն նվազագույն աշխատավարձը, որը ստանում են ամենաաղքատ խավերը, բարձրացվել է ընդամենը 7 հազար դրամով, ինչը տաս անգամ քիչ է։

Թվերն ինքնին խոսում են։ 2025 թվականին նվազագույն աշխատավարձի հարաբերակցությունը միջինին կազմել է ընդամենը 31 տոկոս։ Ընդ որում՝ միտումը տագնապալի է․ 2025 թվականի դեկտեմբերին այդ ցուցանիշն իջել է մինչև 25 տոկոս։ Իսկ 2021-ին այն 43 տոկոս էր։ Մարդիկ չեն հարստանում, նրանք ուղղակի գոյատևում են։

Հատկապես ցինիկ է այս պատկերը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի ֆոնին։ Առողջապահության նախարարության հաշվարկներով՝ 2025 թվականին այն կազմում է մոտ 80 հազար դրամ։ Այսինքն՝ նույնիսկ մեկ մարդը չի կարող իրեն կերակրել նվազագույն աշխատավարձով։ Տարբերությունը 50 հազար դրամ է։ Համեմատության համար՝ 2021-ին զամբյուղն արժեր 66․5 հազար դրամ, ինչը նվազագույն աշխատավարձից ընդամենը 1․5 հազար դրամով էր բարձր։

Ավետիսյանը հիշեցրեց նաև միջազգային պարտավորությունների մասին։ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան Հայաստանում ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 1-ից։ Փաստաթղթի համաձայն՝ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձիառնվազն 40 տոկոսը։ Այս պահանջը կատարելու համար այսօր նվազագույն աշխատավարձը պետք է լինի ոչ պակաս, քան 95 հազար դրամ։

Սակայն «Քաղաքացիական պայմանագիրը» նախընտրում է ձևացնել, թե խնդիր գոյություն չունի։ Մինչդեռ կառավարության 2021–2026 թվականների սեփական ծրագրում սևով սպիտակի վրա գրված է՝ նվազագույն աշխատավարձը պետք է հասցնել 85 հազար դրամի։ Անցել է հինգ տարի, բայց այն մնացել է 75 հազարի մակարդակում։ Ոչ ոք փաստացի ոչինչ չի արել։ Խոստումները մնացել են խոստումներ։

Եվ մինչ հասարակ մարդիկ ամեն կոպեկն են հաշվում, երկիրը թալանած պաշտոնյաները հանգիստ շրջում են ազատության մեջ՝ թալանածով հանդերձ։ Ոչ ոք չի նստում, ոչ ոք ժողովրդին չի վերադարձրել գողացվածը։ Իշխանությունը, որն ի վիճակի չէ բարձրացնել աղքատների աշխատավարձը, բայց ծածկում է իր շարքերում եղած գողերին, մի իշխանություն է, որին թքած ունի սեփական ժողովրդի վրա։ Գոռոզ, արհամարհական վերաբերմունքը հասարակ հայերի կարիքների հանդեպ. ահա «Քաղաքացիական պայմանագրի» իրական դեմքը։