
Նիկոլ Փաշինյան–Աննա Հակոբյան զույգը տարիներ շարունակ հանրությանը ներկայացվել է որպես «օրինակելի» ընտանիք․ սիրո ու աջակցության մասին հրապարակային խոստովանություններ, ընտանեկան ջերմություն շեշտող լուսանկարներ, միասին փորձությունները հաղթահարելու մասին փոդքասթեր և ուղերձներ։ Սակայն Աննա Հակոբյանի վերջին հայտարարությունը՝ իրենց քաղաքացիական ամուսնության ավարտի և կառավարական առանձնատունը լքելու մասին, կտրուկ հակասում է տարիներով ձևավորված այդ պատկերին և լուրջ հարցեր է առաջացնում հենց երկրի առաջին դեմքի՝ Փաշինյանի նկատմամբ։
Առաջին հայացքից կարելի է կարծել, որ ամուսնալուծությունը զուտ անձնական խնդիր է և չպետք է քննարկման թեմա դառնա։ Բայց այստեղ խոսքը սովորական ընտանիքի մասին չէ․ մենք գործ ունենք մի մարդու հետ, որը ութ տարի զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, մինչդեռ նրա կողակիցը, չունենալով օրինական կնոջ կարգավիճակ, de facto ներկայացվել է որպես «առաջին տիկին»՝ օգտվելով այդ կարգավիճակի խորհրդանշական ու նյութական առավելություններից։ Փաստացի, Փաշինյանը թույլ է տվել, որ իր քաղաքացիական կինը պետական համակարգում զբաղեցնի առանձնահատուկ դիրք՝ առանց հստակ իրավական հիմքի։
Ինքը՝ Հակոբյանը, չի բացառել, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում իր գործունեության պատճառով կարող է հայտնվել քրեական հետապնդման տակ։ Սա էլ ավելի ակնհայտ է դարձնում հարցը՝ ինչպե՞ս ստացվեց, որ Փաշինյանի ոչ օրինական կինը տարիներ շարունակ գործեց որպես իշխանության համակարգում ակտիվ դեր ունեցող անձ, իսկ այժմ հենց ինքն է խոսում հնարավոր քրեական պատասխանատվության մասին։
Հիշեցնենք, որ դեռ 2024-ին Փաշինյանն ու Հակոբյանը հրապարակայնորեն հայտարարեցին՝ ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ էլ եկեղեցով ամուսնացած չեն, թեև միասին ապրել են ավելի քան 27 տարի։ Այդ խոստովանությունը լայն քննարկումների առիթ դարձավ, սակայն, ինչպես հաճախ է լինում այս իշխանության դեպքում, թեման արագ փակվեց, առանց հստակ պարզաբանման, թե ինչ իրավական կարգավիճակով է Հակոբյանը հանդես եկել որպես «առաջին տիկին»։
Իսկ երբ արդեն շրջանառվեցին տեղեկություններ, թե զույգը վերջապես ԶԱԳՍ-ով ամուսնությունը գրանցել է, հնչեց մի նոր, ոչ պակաս անորոշ ձևակերպում՝ «քաղաքացիական ամուսնության ավարտ», որը միայն ավելացրեց անորոշությունը։ Իրականում ի՞նչ է եղել․ արդյո՞ք եղել է օրինական գրանցում, ե՞րբ է գրանցվել այդ ամուսնությունը և ե՞րբ է ավարտվել։ Դրա համար MediaHub-ը գրավոր հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն։
Նախարարության պատասխանը իրավական տեսանկյունից հիմնավորված է՝ վկայակոչելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված սահմանափակումներին։ Սակայն քաղաքական ու հանրային տեսանկյունից այն ոչինչ չի պարզաբանում․ փաստորեն, վարչապետի իրական ընտանեկան կարգավիճակի մասին հասարակությունը շարունակում է մնալ անտեղյակ՝ օրենքի տառին հետևում թաքնվելով։
Խնդիրը անձնական կյանքի «դետալներ» իմանալու ցանկությունը չէ, այլ հասարակ, բայց սկզբունքային հարց է՝ որքանո՞վ են ճշգրիտ այն կենսագրական փաստերը, որոնց վրա կառուցվել է պետության առաջին դեմքի հանրային կերպարը։ Երբ ընտանիքը և անձնական պատմությունը տարիներ շարունակ օգտագործվում են որպես քաղաքական կապիտալ և հանրային վստահություն ձևավորելու գործիք, դրանք այլևս չեն կարող ներկայացվել որպես բացառապես «մասնավոր կյանք»։ Այդ պարագայում բաց և հստակ պատասխան տալը Փաշինյանի ուղիղ պարտականությունն է, այլ ոչ թե հերթական անգամ թաքնվելը իրավական հղումների հետևում՝ չբացատրելով, թե իրականում երբ և ինչ կարգավիճակով է ապրել իր «օրինակելի ընտանիքը»։





























