«Էդքան սպասել եք, մի քիչ էլ կսպասեք»․այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողի մոր խնդրանքին՝ Երևանում բնակարանի հարցում աջակցելու համար։ Կինը պարզաբանել է, որ իր որդու բուժումն ու վերականգնումը կատարվում են մայրաքաղաքում, սակայն իրենք Երևանում չունեն բնակարան, որտեղ կարող են ապրել բուժման ընթացքում։

Եղեգնաձորում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ինչպես գրեթե բոլոր ՔՊ-ականներին, Փաշինյանը հարցրել է, թե ինչ տարբերակ կա կնոջը աջակցելու համար, ինչին նախարարն արձագանքել է, որ վերջինս կարող է բնակարանի գնման վկայական ստանալ միայն Եղեգնաձորում, բայց ոչ Երևանում։ Փոխանակ պետական համակարգը փորձեր իրական լուծում գտնել պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքի համար, Փաշինյանը կնոջը «այլընտրանքային տարբերակ» է առաջարկել՝ վերցնել Եղեգնաձորի վկայականը, գումար ավելացնել ու հետո փորձել տուն գնել Երևանում՝ խնդրի ողջ ծանրությունը գցելով արդեն իսկ տուժած ընտանիքի ուսերին:

Կնոջ արձագանքին, որ ինքը չի կարող հետաձգել որդու բուժումը և «սպասել այնքան, որքան իշխանությունն է հուշում», Փաշինյանը, առանց իրավիճակի ծանրությունը գիտակցելու, պատասխանել է՝ «էդքան սպասել եք, մի քիչ էլ կսպասեք» և պարզապես հեռացել՝ նույնիսկ չլսելով պատերազմի հաշմանդամի մոր հետագա խոսքը։ Այս դրվագը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հեռացված է Նիկոլ Փաշինյանը պատերազմի հետևանքներով ապրող ընտանիքների իրական խնդիրներից և որքան քիչ պատրաստ՝ կրել իր քաղաքական որոշումների մարդկային պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ նախորդ օրը Փաշինյանն ու ՔՊ-ի ներկայացուցիչները նախընտրական քարոզչությամբ էին զբաղվում Սյունիքի մարզում, իսկ այսօր Սյունիքից տեղափոխվել էին Վայոց Ձոր «քաղաքացիների հետ շփվելու» համար։ Այդ այցերի ֆոնին վարչապետի վերաբերմունքը պատերազմի հաշմանդամ զինծառայողի մոր հանդեպ ավելի ընդգծված է բացահայտում այն ցինիզմը, որով գործող իշխանությունը նախընտրում է զբաղվել սեփական քարոզչությամբ՝ անտեսելով նրանց ցավը, ովքեր ամենաշատն են վճարել պատերազմի գնով։