«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ներկայացրել է Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման տվյալները՝ վերաբերող վարչապետի հավանական թեկնածուներին և ընտրական տրամադրություններին։ Նրա խոսքով՝ արդյունքները ցույց են տալիս, որ տարբեր տարիքային խմբերում Սամվել Կարապետյանը զգալի առավելություն ունի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։​

Մասնավորապես, Մելոյանը նշել է, որ 18–29 տարեկանների շրջանում Կարապետյանի առավելությունը Փաշինյանի նկատմամբ կազմում է 18 տոկոսային կետ, իսկ 30–49 տարեկանների խմբում՝ 4 տոկոսային կետ։ Երևանում առհասարակ պատկերն ավելի խոսուն է․ մայրաքաղաքում հարցվածների գրեթե կեսը՝ 49 տոկոսը, որպես վարչապետի թեկնածու ընտրում է Սամվել Կարապետյանին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանին աջակցել է հարցվածների ընդամենը 24 տոկոսը։​

Մելոյանը նշել է նաև, որ նույն հետազոտության համաձայն, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այսօր, Երևանի ընտրողների շուրջ 35 տոկոսը իր ձայնը կտար «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Նրա գնահատմամբ՝ սա վկայում է, որ ընդդիմադիր դաշտը աստիճանաբար համախմբվում է նոր ուժի և Սամվել Կարապետյանի շուրջ, մինչդեռ գործող իշխանության դիրքերը հատկապես մայրաքաղաքում նկատելիորեն թուլանում են։