ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ գործող վարչապետին անվանելով նոր պատերազմ սանձազերծելու ամենամեծ ռիսկը: Իր փոդքասթում Քոչարյանը հայտարարել է, որ Փաշինյանը գիտակցաբար հրաժարվում է երաշխավորված խաղաղությունից՝ նախընտրելով երկիրը պատանդ պահել ադրբեջանցի առաջնորդի տրամադրություններին:

«Այսօր հնարավորություն ունենալով ապահովել երաշխավորված խաղաղություն՝ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ այդ խաղաղությունը կախված լինի ոչ թե պայմանավորվածություններից, այլ Ալիևի տրամադրությունից», – ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը:

Քոչարյանը հստակ գիծ է անցկացրել «արժանապատիվ խաղաղության» և այն զիջումների քաղաքականության միջև, որը, նրա կարծիքով, վարում է «Քաղաքացիական պայմանագիրը»: Արժանապատիվ խաղաղությունը ենթադրում է երաշխիքներ, որոնք բացառում են մշտական նվաստացումների և միակողմանի զիջումների անհրաժեշտությունը: Այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, Քոչարյանը որակել է որպես անարժանապատիվ խաղաղություն, որտեղ Հայաստանը ստիպված է լռել, երբ Ալիևը վիրավորում է երկիրը, և անընդհատ հետ նայել, թե արդյոք Երևանի հերթական քայլը դուր կգա Անկարային ու Բաքվին:

«Հայաստանը չպետք է ապրի այն մտքով՝ ամեն քայլափոխի դուր գա՞նք Ալիևին ու Էրդողանին: Չպետք է թևի տակ պահի Էրդողանի գիրքը, որ հանկարծ նա մեզ այլ աչքով չնայի», – հեգնանքով նշել է Քոչարյանը:

Նախկին նախագահի հայտարարությունը ևս մեկ հարված է Փաշինյանի՝ որպես «խաղաղարարի» հեղինակությանը: Ընդդիմությունը վաղուց զգուշացնում է. զիջումների քաղաքականությունը, Արևմուտքի հետ սիրախաղը՝ ի վնաս հարևանների հետ հարաբերությունների, և անվտանգության իրական երաշխիքների բացակայությունը Հայաստանը տանում են ոչ թե խաղաղության, այլ նոր աղետի: Մինչ «Քաղաքացիական պայմանագիրը» ժողովրդին «խաղաղության դարաշրջանի» մասին հեքիաթներ է պատմում, երկիրը պատերազմի եզրին է գտնվում՝ կախված բռնապետների տրամադրությունից: