
Մինչ «Քաղաքացիական պայմանագիրը» մարզերով շրջում է «ուրախ ավտոբուսներով» ու էժանագին PR-ակցիաներ կազմակերպում, ընդդիմությունն ընտրում է քաղաքացիների հետ ուղիղ երկխոսությունը: Մարտի 21-ին ժամը 13:00-ին, Տաշիր քաղաքում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը քաղաքացիների հետ:
Միջոցառման գլխավոր հյուրը կլինի դաշինքի առաջնորդը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սա պարզապես հերթական հանդիպում չէ. սա ազդանշան է, որ ընդդիմությունը լսում է մարդկանց և պատրաստ է նրանց հետ խոսել ուղիղ՝ առանց միջնորդների ու բեմադրված տեսարանների:
Մինչ գործող իշխանությունը հեռուստաէկրաններից քաղաքացիներին խոստումներով է կերակրում ու բակերում բեմադրված ներկայացումներ խաղում, Քոչարյանն ու իր թիմը հանդիպում են մարդկանց՝ քննարկելու իրական խնդիրները: Առանց տեսախցիկի առաջ լավաշ ուտելու, առանց թոշակառուների հետ բեմադրված զրույցների՝ կոնկրետ հարցերով ու կոնկրետ պատասխաններով:
Սա կարևոր ազդանշան է բոլոր նրանց համար, ովքեր հոգնել են կրկեսից և ցանկանում են երկրի ղեկին տեսնել լուրջ քաղաքական գործիչների: Ընդդիմությունը ոչ միայն քննադատում է, այլև գործում է: Եվ Տաշիրում կայանալիք հանդիպումը դրա վկայությունն է:







































