Հայաստանի քաղաքական դաշտում աստիճանաբար ձևավորվում է քաղաքական ուժի նոր կենտրոն, որն ի վիճակի է վերափոխել գործող հարաբերակցությունը: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է իր ազդեցության ընդլայնման և առաջիկա ընտրություններին ավելի կազմակերպված ու լայն ձևաչափով մասնակցելու պատրաստակամության մասին՝ հենվելով ինչպես քաղաքական, այնպես էլ հանրային աջակցությունը մեծացնելու ռազմավարության վրա:

Կուսակցությունը ակտիվ բանակցությունների փուլում է՝ նպատակ ունենալով ձևավորել լայն նախընտրական դաշինք արտախորհրդարանական ուժերի և այն քաղաքական գործիչների հետ, որոնց հետ նախկինում լուրջ հակասություններ չեն եղել: Այս քայլը դիտարկվում է որպես տարբեր հարթակներում գործող ուժերը միասնական օրակարգի շուրջ համախմբելու փորձ՝ գործող իշխանության դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար:

Գլխավոր նպատակը ռեժիմի փոփոխությունն է և խորքային տնտեսական բարեփոխումների իրականացումը: «Ուժեղ Հայաստան»-ն իր ծրագրային դրույթներում շեշտադրում է կառավարման նոր մշակույթ՝ հիմնված պատասխանատվության, կարգապահության և «մաքուր ձեռքերի» սկզբունքի վրա: Կուսակցությունը դիրքավորվում է որպես պրոֆեսիոնալ կառավարման թիմ, որն ի վիճակի է ապահովել համակարգային փոփոխություններ՝ հատկապես տնտեսության և սոցիալական ոլորտներում: