
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի հաղորդավար Մարիո Նաուֆալին՝ ելույթ ունենալով միջազգային այն հարթակում, որտեղ նախկինում ելույթ են ունեցել աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական և մեդիա գործիչները։ Զրույցը կայացել է տարածաշրջանային լարվածության սրման պայմաններում և կենտրոնացել է Հայաստանի անվտանգության սպառնալիքների ու քաղաքական մարտահրավերների վրա, որոնց, ըստ Կարապետյանի, ներկա իշխանությունը պատրաստ չէ։
Հարցազրույցի առանցքում Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն էր և հատկապես Իրանի շուրջ ընթացող զարգացումները։ Կարապետյանը նշեց, որ Իրանի հնարավոր ապակայունացումը կամ պարտությունը կարող է կտրուկ փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ Հայաստանի համար ստեղծելով բազմաշերտ վտանգներ՝ աննախադեպ փախստականների հոսքեր, ազգային փոքրամասնությունների թվի աճ, անջատողական միտումների ակտիվացում։ Միաժամանակ, վտանգվում են Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գնացող տրանզիտային ուղիները, ինչը, նրա խոսքով, կարող է առաջացնել նոր տնտեսական ճգնաժամ, որի համար Հայաստանի ներկայիս իշխանությունը ակնհայտորեն պատրաստ չէ։
Կարապետյանը հատկապես շեշտել է, որ նման զարգացումների պարագայում Հայաստանը տարածաշրջանի ամենախոցելի երկրներից մեկն է։ Իրանի հնարավոր պարտությունը, ըստ նրա, կարող է ունենալ Հայաստանի համար նույնիսկ ավելի ծանր հետևանքներ, քան Սիրիայի դեպքերը, որովհետև այդ դեպքում Հայաստանը միաժամանակ կհայտնվի անվտանգային, ժողովրդագրական և տնտեսական ճնշումների տակ։ Այս համատեքստում նա փաստացի ընդգծում է՝ երկրի դիմադրողականությունը ուղղակիորեն կապված է կառավարման որակի և ազգային անվտանգության համակարգի արդյունավետության հետ, իսկ միայն նախապես մշակված ընդդիմադիր օրակարգը և ազգային անվտանգության համակարգը կարող են ապահովել անհրաժեշտ դիմակայունությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև այն նախագծին, որը ներկայանում է որպես Հայաստանի տարածքով, Իրանին շրջանցող նոր տրանսպորտային-հաղորդակցային ուղի ստեղծելու նախաձեռնություն։ Կարապետյանը այն գնահատել է որպես լուրջ իրագործելիության խնդիրներ ունեցող և, ըստ էության, ձախողման դատապարտված նախագիծ՝ ընդգծելով, որ այն ի վիճակի չէ ապահովել տարածաշրջանում կայունություն և կանխատեսելիություն, և ավելի շատ նման է գործող իշխանության քաղաքական PR-ի, քան Հայաստանի իրական շահերին։
Բացի արտաքին քաղաքական օրակարգից, Կարապետյանը խոսել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին՝ մատնանշելով թմրանյութերի հետ կապված հանցավորության աճը, քաղաքական ճնշումները և հասարակական լարվածության խորացումը։ Նրա խոսքով՝ երկրում շարունակվում են ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները, քաղաքական դաշտը շարունակում է նեղանալ, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի կալանքը վառ օրինակ է, թե ինչպես է իշխանությունը փորձում խեղդել ցանկացած այլընտրանքային կենտրոն։Հարցազրույցի ուշագրավ դրվագներից մեկն այն էր, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել նաև սեփական հնարավոր ձերբակալությունը առաջիկա ամսվա ընթացքում՝ այն կապելով սպասվող ընտրությունների և ներքաղաքական իրավիճակի հնարավոր սրման հետ։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կանգնած է միաժամանակ արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների առջև, և երկրին անհրաժեշտ են հստակ ռազմավարական ուղղություն, նոր որակի ղեկավարություն և արդյունավետ անվտանգության համակարգ, ինչը, ըստ Կարապետյանի, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ն ու իր առաջնորդ Սամվել Կարապետյանը պատրաստվում են առաջարկել հասարակությանը։













































