«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստում քննադատել է Հայաստանում բնակարանաշինության մշակույթը՝ անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին: Նա հայտարարել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է. «մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ»:

Սակայն, ինչպես պարզել է ArmLur.am-ը՝ օգտագործելով արբանյակային լուսանկարները, ինքը՝ Միրզոյանը, չի շտապում հետևել սեփական կոչերին: 2022-ին նրա ձեռք բերած առանձնատունը, որն արժեցել է մոտ 280 հազար ԱՄՆ դոլար, դեռևս շրջապատված է բարձր պարիսպներով: Թափանցիկ ցանկապատերով կամ ցանցով փոխարինելու մասին խոսք անգամ չկա:

Ստացվում է հակասական պատկեր. մի կողմից «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ խրատում է հասարակությանը՝ քննադատելով կայացած ճարտարապետական և սոցիալական պրակտիկան, մյուս կողմից շարունակում է օգտվել նույն մոդելից՝ ապրելով բարձր պարիսպների հետևում:

Քաղաքական ուղերձները համոզիչ են դառնում միայն այն ժամանակ, երբ իշխանության ներկայացուցիչները սկսում են հենց իրենցից։ Սակայն Միրզոյանի պարագայում դա տեղի չի ունեցել: Սա հերթական օրինակն է, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները քաղաքացիներից պահանջում այն, ինչ իրենք չեն պատրաստվում անել։