«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները՝ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27-ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում:

Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերը և «Ուժեղ Հայաստան» կառուցելու տեսլականը: Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում նա պատասխանել է համակիրների հետաքրքրող հարցերին:

Գիտակցված ընտրություն. ինչու Կարապետյանը մտավ քաղաքականություն

Սիսիանում ունեցած ելույթում Կարապետյանը շեշտել է, որ Սամվել Կարապետյանը գիտակցված ընտրություն է կատարել՝ ներգրավվելով Հայաստանի զարգացման գործընթացում:

«Այլընտրանք ունենալով՝ ուղղակի հանգիստ կյանք ապրելու, Սամվել Կարապետյանը որոշել է չապրել հանգիստ կյանք ու փորձել Հայաստանը աղքատությունից: Եվ նա կփոխի իրավիճակը», – նշել է նա:

Նրա խոսքով՝ Կարապետյանն ունի լայն տնտեսական փորձ և միջազգային գործունեություն:

«Կարապետյանը նույն ճանապարհը տարբեր երկրներում անցել է, նա 3-4 երկրում ունի իր տնտեսական օբյեկտները: Վատ ապրում են հայերը միայն Հայաստանում, դա նրանից է, որ չենք կարողացել համակարգ ստեղծել», – ասել է նա:

Առաջնորդ, ով չունի անձնական շահեր

Նարեկ Կարապետյանը նաև ընդգծել է, որ առաջնորդի շարժառիթը չի պայմանավորվում անձնական շահերով:

«Կարապետյանն իր կյանքը ներդնում է Հայաստանի զարգացման համար. չկա այլ շարժառիթ կամ անձնական շահ: Կարապետյանը ֆինանսապես ապահովված է և լինելու է Հայաստանի միակ առաջնորդը, որ ոչ մի բանի կարիք չի ունենալու», – նշել է նա:

Նա կարևորել է նաև կառավարման նոր մոտեցումների անհրաժեշտությունը:

«Հայաստանում ամեն ինչ փորձել ենք, բայց երբեք չենք փորձել մարդ, ով երբեք կարիք չի ունեցել փողի: Չենք փորձել մարդ, որի ամբողջ կյանքը կապված է տնտեսության հետ», – ընդգծել է Կարապետյանը:

Զարգացման բանալի գործոնները. միջազգային կապեր և բանակցային կարողություններ

Նրա խոսքով՝ երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունեն միջազգային կապերն ու բանակցային կարողությունները:

«Այսօր Հայաստանին պետք են կապեր: Առաջնորդը պետք է ունենա շրջապատ, որ կարողանա երկիրը հանել աղքատությունից: Մեզ պետք է առաջնորդ, ով կկարողանա պայմանավորվել, կկարողանա ներդրումներ բերել», – ասել է նա:

Քննադատությունը գյուղերի վիճակի վերաբերյալ

Անդրադառնալով ներքին խնդիրներին՝ Կարապետյանը քննադատել է նաև գյուղական համայնքների վիճակը:

«Ասում են՝ երկիրը զարգանում է, ուրեմն պետք է գյուղերն էլ զարգանան, բա էլ ինչու են դպրոցներ փակում: Իրենք էլ գիտեն, որ չեն կարող զարգացնել գյուղերը», – նշել է նա:

Հավատը Հայաստանի ներուժի նկատմամբ

Խոսելով Հայաստանի ապագայի մասին՝ Կարապետյանը վստահություն է հայտնել երկրի ներուժի նկատմամբ:

«Այս տարածաշրջանում ամենաաշխատասեր ազգը մեր ազգն է: Վստահ եղեք՝ Հայաստանը տարածաշրջանի ամենահարուստ ազգն էլ կդառնա», – եզրափակել է նա:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության աշխատանքային այցը շարունակվում է: