
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, հանդես գալով ամերիկացի հայտնի բլոգեր Մարիո Նավֆալի հարթակում, պատմել է, որ Հայաստանում աստիճանաբար ձևավորվել է վտանգավոր պրակտիկա․ այն քաղաքական գործիչները, որոնք իրականում անհանգստացնում են իշխանությանը, սկզբում քրեական հետապնդման միջոցով դուրս են մղվում քաղաքական խաղից, իսկ հետո լուռ ազատվում առանց դատավճռի։ Նրա խոսքով՝ մրցակցությունը վաղուց գաղափարների դաշտից տեղափոխվել է ուժային ճնշման հարթություն, և իրավապահ համակարգը գնալով ավելի հաճախ է օգտագործվում որպես նախընտրական շտաբի շարունակություն:
«Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք խանգարում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Մեղադրանքի ձևակերպումը երկրորդական է․ կարող են 4–5 ամիս պահել, կտրել ընտանիքից ու աշխատանքից, հետո հայտարարել, թե մեղադրանք չկա։ Սա ռազմավարություն է՝ թույլ չտալու մեզ մասնակցել ընտրություններին»,– ընդգծում է Կարապետյանը։ Նա ընդգծում է, որ այսպիսով իշխանությունը ոչ թե հաղթում է քաղաքական պայքարում, այլ պարզապես հեռացնում է մրցակիցներին խաղի դաշտից։
Մարիո Նավֆալը, փորձելով գործընթացը դիտարկել համաշխարհային համատեքստում, նշել է, որ նման մեխանիզմները վաղուց կիրառվում են ավտորիտար ռեժիմների կողմից, երբ ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ քրեական հետապնդումները դառնում են իշխանության պահպանման հիմնական գործիք։ Միաժամանակ, իրավաբանների և ներքին աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ առաջիկա մեկ ամսում չեն բացառվում նոր ձերբակալություններ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի առանձին ներկայացուցիչների և անձամբ Նարեկ Կարապետյանի նկատմամբ, ինչը կարող է լրջորեն խաթարել նախընտրական միջավայրը և հավասար հնարավորությունների սկզբունքը։
Այս ֆոնի վրա, ըստ Կարապետյանի, օրախնդիր է դառնում հիմնական հարցը՝ արդյոք Հայաստանում դեռ պահպանվում են արդար քաղաքական մրցակցության նվազագույն չափանիշները։ Երբ յուրաքանչյուր կոշտ քննադատություն ուղեկցվում է կալանավորման կամ քրեական գործի մասին լուրերով, անորոշության և անվստահության մթնոլորտ է ստեղծվում ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հասարակության լայն շերտերի շրջանում։ Այնուամենայնիվ, նա շեշտում է, որ «Ուժեղ Հայաստան»-ը սկզբունքորեն հրաժարվում է կրկնօրինակել կառավարման այս ոճը և իշխանության գալու դեպքում մտադիր չէ բանտը վերածել քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Կարապետյանի համոզմամբ՝ պետության կայունությունը հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ իշխանափոխությունը չի վերածվում անձնական հաշվեհարդարների ցիկլի։ «Մեզ պետք է համակարգ, որը վեր է ցանկացած անձից։ Մենք չենք ուզում, որ ամեն հաջորդ առաջնորդ բանտարկի նախորդին։ Մեր նպատակը կայուն ժողովրդավարություն ստեղծելն է, որտեղ գործում են զսպումների և հակակշիռների մեխանիզմներ»,– ընդգծում է նա։ Այս տրամաբանության շրջանակում «Ուժեղ Հայաստան»-ը կարևորում է նաև սահմանադրական փոփոխություններ՝ իշխանության ժամկետների սահմանափակում և ինստիտուցիոնալ երաշխիքներ մեկ անձի կամ մի խմբի ձեռքում լիազորությունների մենաշնորհացման դեմ:
Այսպիսով, ընդդիմության գնահատմամբ, Հայաստանը կանգնած է վճռական ընտրության առաջ․ շարունակել այն ուղին, որտեղ ուժային և վարչական լծակներն են որոշում քաղաքականության ելքը, թե՞ կառուցել կանխատեսելի, ինստիտուցիոնալ համակարգ, որտեղ իշխանությունը պարբերաբար և խաղաղ կերպով է փոխվում, իսկ իշխանություն–ընդդիմություն հարաբերությունները կարգավորվում են օրենքով, այլ ոչ թե վախի մեխանիզմներով։ Հասարակության համար առանցքային է դառնում հարցը՝ կհաջողվի՞ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ընդդիմադիր գործիչը չի վախենա բանտից, իսկ քաղաքացին վստահ կլինի, որ իր քվեն իսկապես ազդեցություն ունի երկրի ապագայի վրա։























































