
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Երևանում հեղուկ գազի գնի հերթական թանկացումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունների հերթական ձախողման բացահայտ ապացույց:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը վարորդներից ահազանգեր է ստացել. գինը հասել է 250 դրամի՝ հերթական հարված հասցնելով առանց այդ էլ ծանրաբեռնված քաղաքացիներին:
Սակայն առավել մտահոգիչը ոչ թե գնի բարձրացումն է, այլ այն, որ այս իրավիճակը վաղուց դարձել է «նորմալ» «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունների լուռ համաձայնությամբ: Հեղուկ գազի շուկայում քաոսը շարունակվում է ամիսներ շարունակ, իսկ պատասխանատու պաշտոնյաները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլ կարծես ընդհանրապես դուրս են մնացել գործընթացից:
«Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաների ձախողումները
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ոլորտի պատասխանատուներին՝ Գեղամ Գևորգյանին և Գևորգ Պապոյանին, որոնց գործունեությունը դառնում է հանրային քննադատության թիրախ: Շուկան կարգավորելու և վերահսկելու փոխարեն նրանք փաստացի թույլ են տվել, որ այն վերածվի անկառավարելի դաշտի, որտեղ գները որոշվում են ոչ թե տնտեսական տրամաբանությամբ, այլ անհասկանալի պայմանավորվածություններով:
Ակնհայտ է հետևյալը. «Քաղաքացիական պայմանագրի» օրոք պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան, բացակայում են գների ձևավորման թափանցիկ մեխանիզմները, չի գործում արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականություն, իսկ շուկան կենտրոնացած է սահմանափակ թվով անհատների ձեռքում։
Այս ամենը պատահականություն չէ, այլ իշխանությունների համակարգային անգործության հետևանք: Երբ պաշտոնյաները լռում են կամ սահմանափակվում ձևական հայտարարություններով, այդ լռությունը ընկալվում է որպես համաձայնություն ստեղծված իրավիճակի հետ:
Հարց «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությանը
Ի վերջո, հարցը դրվում է կոշտ. եթե պատասխանատու մարմինները չեն կարողանում վերահսկել կենսական նշանակության շուկաներից մեկը, ապա ինչո՞վ են զբաղվում: Եվ որքա՞ն ժամանակ պետք է քաղաքացին շարունակի վճարել այդ անգործության գինը:




























































































































































