Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ վնասում է երկրին:

«Փաշինյանը ժխտում է Ցեղասպանությունը, մոռացել է Արցախը, չի պաշտպանում հայկական պահանջները: Նա ջուր է լցնում նրանց ջրաղացին, ովքեր ուզում են Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»: Այսօր որոշվում է՝ Հայաստանը գոյատևելո՞ւ է որպես պետություն, թե՞ այն կվերածեն թուրքական նահանգի», – ասել է Շարմազանովը:

Նա կոչ է արել բոլոր նրանց, ում համար թանկ են Ծիծեռնակաբերդն ու Եռաբլուրը, մոռանալ անձնական ամբիցիաները հանուն հայրենիքի շահերի:

Շարմազանովը նախազգուշացրել է, որ եթե Փաշինյանը մնա իշխանության, «ժողովուրդը կվերածվի “անհիշողություն անասունի”, ինչպես ասել է գրող Հրանտ Մաթևոսյանը»:

«Հիշողություն չունեցող պետությունը գոյության իրավունք չունի: Ազգը, որը մոռանում է իր ողբերգությունները, չի կարող անկախ լինել», – ընդգծել է քաղաքական գործիչը:

Նա նաև նշել է, որ ներկայիս իրավիճակը խաղաղություն չէ, այլ «թուրքերի նկատմամբ ստրկական երկրպագություն»: Շարմազանովը կոչ է արել ոչ թե պատերազմի, այլ արժանապատվության և ինքնահարգանքի: Իշխանափոխությունից հետո, նրա խոսքով, անհրաժեշտ է շարունակել պայքարը հայկական պահանջների և թուրքական ճնշման դեմ: