
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել ուղերձով՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
Նա հայտարարել է, որ Հայաստանի այսօրվա ղեկավարները՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, փորձում են արդարացնել ցեղասպանություն իրականացնողներին: Ավելին, Կարապետյանի խոսքով, նրանք հավասարության նշան են դնում զոհի և դահճի միջև և բացեիբաց հայտարարում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ:
«Նրանք մոռանում են կամ անտեսում են մի բան. իրենց նման թույլերը գալիս ու անցնում են, բայց հայ ժողովրդի պատմական հիշողությունը մնում է: Այն հարատև է: Այն մեր գենետիկ կոդի մեջ է», – ընդգծել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը:
Կարապետյանը նաև նշել է, որ կուսակցությունը կողմ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն զիջելու պատմական ճշմարտությունն ու ազգային արժանապատվությունը: Նա կոչ է արել չմոռանալ անցյալը՝ ուժեղ ապագա կառուցելու համար և հայտարարել, որ թույլ իշխանությունները հանգեցրել են Արցախի կորստին, և դա չպետք է կրկնվի:
«Ուժեղ և իմաստուն առաջնորդն այն է, ով կանխատեսում է ողբերգությունը և կանխարգելում այն», – եզրափակել է Կարապետյանը՝ կոչ անելով ժողովրդին միավորվել մեկ նպատակի շուրջ՝ կառուցել Ուժեղ Հայաստան:




























































































































































