Չարենցավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է երկրի արդյունաբերական զարգացման ծրագրերը: Նա ընդգծել է, որ Սամվել Կարապետյանը կստեղծի նոր աշխատատեղեր, մինչդեռ Փաշինյանը ծրագրում է երկիրը բնակեցնել 300 000 ադրբեջանցիներով:

«Երբ ասում ենք Հայաստանում արդյունաբերականացում, գործարանների վերադարձ, մարդիկ կասկածանքով են վերաբերվում։ Ես մի օրինակ, բերեմ, թե ինչ է լինելու Սամվել Կարապետյանի կողմից առաջնորդությունը ստանձնելուց 47 օր հետո», – հայտարարել է Նարեկ Կարապետյանը:

Նա մանրամասնել է. Հայաստանը տարեկան ներմուծում է շուրջ 60 մլն դոլարի ցինկապատ ապրանք և մետաղ՝ մոտ 15 հազար տոննա ծավալով, մինչդեռ նույն ժամանակահատվածում արտահանում է շուրջ 20 մլն դոլարի չմշակված ցինկ:

«Ցինկը արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում։ Ի՞նչն է մեզ խանգարում, որ այստեղ վերամշակում իրականացվի։ Առաջնորդը», – նշել է Կարապետյանը:

Նա ավելացրել է, որ երբ խոսվում է Հայաստանում 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելու մասին, դա հնարավոր կլինի հենց նման ծրագրերի շնորհիվ: «Ուժեղ Հայաստանը» առաջարկում է իրական տնտեսական այլընտրանք՝ ի տարբերություն ներկայիս իշխանությունների, որոնք չեն կարողանում նոր աշխատատեղեր ստեղծել և մտածում են միայն երկիրը ադրբեջանցիներով բնակեցնելու մասին: