
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը վարչապետը ծրագրում էր օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար, վերածվել է քաղաքական բեռի:
«Անցյալ տարի Փաշինյանը խնդրեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումներից մեկն անցկացվի Երևանում՝ այն նպատակաուղղված ժամանակավորելով խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ: Հաշվարկն ակնհայտ էր. եվրոպացի առաջնորդների ներկայությունն օգտագործել ներքաղաքական վարկանիշը բարձրացնելու համար», — գրում է Օսկանյանը:
Սակայն այսօր, նրա խոսքով, այդ որոշումը ծանր բեռ է դարձել: «Եթե մի բան հստակ է, ապա դա այն է, որ այս հանդիպումն ավելի շատ աշխատելու է Փաշինյանի դեմ, քան նրա օգտին: Հայ ընտրողը ընտրողն արդեն հասկացել է, որ Փաշինյանական ոճի միակողմանի և ոչ մի տեղ չտանող “եվրոռևերանսները” խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար», — ընդգծում է նախկին նախարարը:
Տարածաշրջանային իրավիճակը կտրուկ վատթարացել է
Օսկանյանը ուշադրություն է հրավիրում արմատապես փոխված տարածաշրջանային իրավիճակի վրա: Հարևան Իրանում պատերազմ է ընթանում, լարվածությունը բազմապատկվել է, և Հայաստանը հայտնվել է ավելի խոցելի դիրքում: Եվրամիությունը, թեև ուղղակիորեն չի մասնակցում պատերազմին, ակնհայտորեն բացասական է տրամադրված Իրանի և Ռուսաստանի նկատմամբ:
«Ավելին, օրերս Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը առավել յուղ լցրեց կրակի վրա. առանց դիվանագիտական նրբությունների պահպանման, Փաշինյանը փաստացի դրվեց ընտրության առաջ՝ Եվրոպա՞, թե՞ Եվրասիական միություն», — նշում է Օսկանյանը:
Ռիսկ՝ առավելության փոխարեն
Այս պայմաններում բարձր մակարդակի գագաթնաժողով հյուրընկալելն այլևս քաղաքական առավելություն չէ, այլ ռիսկ: Հայաստանին անհրաժեշտ է զգուշավոր, հաշվենկատ արտաքին քաղաքականություն, ոչ թե նախընտրական ցուցադրական քայլեր:
«Դժվար է չհանգել այն եզրակացության, որ եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված հանդիպումը: Բայց նա չի կարող: Եվ այժմ այն, ինչ նախատեսված էր որպես անձնական քաղաքական առավելություն, վտանգում է վերածվել հերթական ապացույցի, թե ինչպես իշխանատենչությունը կարող է վնասել ազգային շահերին», — եզրափակում է Օսկանյանը:
Հատկապես, ավելացնում է նա, հաշվի առնելով, որ Փաշինյանի իշխանության տարիներին տասնապատիկ մեծացած տնտեսական կախվածությունը Ռուսաստանից հարաբերությունների լարման դեպքում հարվածելու է յուրաքանչյուր հայ քաղաքացու:













































































