
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը 168TV-ի եթերում հայտարարել է, որ գլխավոր քաղաքական հարցն այսօր հետևյալն է՝ արդյոք փակվում է Երրորդ Հանրապետությունը և ստեղծվում է «չորրորդը»: Փաշինյանը գնում է հենց այդ ճանապարհով: Եվ հենց ընդդիմությունն է այսօր կոչված դառնալու այն ուժը, որը կկանգնեցնի այս կործանարար գործընթացը:
«Բոլոր սկզբունքային տարաձայնությունները պետք է սկսվեն և ավարտվեն այն հանգամանքով, որ ովքեր ընդդիմադիր դաշտում են, նրանք Երրորդ Հանրապետության պահապաններն են, ինչպես նաև Արցախի իրավունքի կողմնակիցներ, հայ ժողովրդի վերադարձի և հետագա իրավունքների պաշտպանության քաղաքական հետևորդները», – ընդգծել է Մարտիրոսյանը:
Ընդդիմությունը պետք է թելադրի իր կանոնները
Քաղաքագետը նշել է, որ այսօր օրակարգը թելադրում է Փաշինյանը, իսկ ընդդիմությունը հաճախ միայն արձագանքում է: Սակայն նա ընտրություն ունի. կա՛մ տեղավորվել Փաշինյանի խաղի կանոնների և քաղաքական համակարգի մեջ, կա՛մ ստեղծել սեփական կանոնները և ժողովրդին ցույց տալ իրական այլընտրանք:
«Ընդդիմությունը կա՛մ սեփական կանոնները թելադրելու հնարավորություն կունենա, կա՛մ տեղավորվելու է այն հորիզոնականների մեջ, որոնք կորոշի Փաշինյանը հենց իր համակարգի ներսում: Փաշինյանն այսօր սահմանում է՝ ով ինչ իրավունք կունենա, որտեղ է սկսվում և ավարտվում իրավունքների չափաբաժինը», – հայտարարել է Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Փաշինյանի գործունեությունը քաղաքական տեսանկյունից «շատ վայրի» է: Նա փորձում է իր ստանձնած պարտավորությունները ներարկել հասարակության բոլոր ծակոտիների մեջ, բայց դա նրան տրվում է մեծ դժվարությամբ: Ամեն շաբաթ-կիրակի նրա քարոզարշավը շրջվում է իր դեմ:
Ընդդիմությանկիսատ խոսքերը՝ անցյալում
Մարտիրոսյանն ընդգծել է, որ ընդդիմության կիսատ խոսքերը, կիսագաղափարները և կիսավախերը շատ ցայտուն են, և Փաշինյանը հենց դրանց վրա է խաղում ու շահարկում: Սակայն ընդդիմությունն ընդունակ է ավելիի:
«Երրորդ Հանրապետության պահապան լինելու» գաղափարական սկզբունքը, հատկապես նախընտրական ժամանակահատվածում, ընդդիմության կողմից դեռևս բավարար չափով չի մշակվում: Սակայն հենց այս գաղափարն է ի վիճակի համախմբել հասարակությանը և ժողովրդին տալ հասկանալի ու ոգեշնչող ընտրություն:
Մետրոյի միջադեպի օրինակը, քաղաքագետի խոսքով, ցույց տվեց, որ հասարակությունը պատրաստ է պատշաճ հակահարված տալ: Ընդդիմությունը պետք է օգտագործի այս պահանջը և վերջապես մարդկանց առաջարկի փաշինյանական քաոսի իրական այլընտրանք: Միայն այդ դեպքում նա կկարողանա ոչ միայն արձագանքել, այլև թելադրել իր կանոնները:













































































