
Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է, որ 2018‑ին, երբ քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը վախենում էր որևէ կերպ հակադրվել Նիկոլ Փաշինյանին, շտապում էր ցույց տալ հանրահավաքների լուսանկարները և ապացուցել իր «հավատարմությունը հեղափոխությանը», ՀՀԿ‑ն 2018 թվականին մնաց միակ իրական ընդդիմադիր ուժը։ Այն պահին, երբ շատերը փնտրում էին տեղ՝ նոր իշխանության կողքին, Հանրապետականը ընտրեց դիմադրության, ոչ թե հարմարվելու ուղին։
Նա բերում է 2018 թվականի օգոստոսի օրինակը․ Արցախի նախագահի խորհրդականի կարգավիճակում նախազգուշացրել էր առաջնագծում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների կուտակումների մասին՝ այն ֆոնին, երբ հասարակության մի մասը գտնվում էր «Նիկոլը եկավ, վերջ, խաղաղություն է լինելու» էյֆորիայում։ Նույն օրը տված հարցազրույցից հետո, երբ խոսել էր Ադրբեջանի կողմից լուրջ սպառնալիքների մասին, նրան մեղադրում էին «պատերազմով շանտաժ անելու» մեջ և հորդորում էին դադարեցնել մարդկանց վախեցնելը։ Աբրահամյանի խոսքով՝ հենց նման պահերին է երևում տարբերությունը պատասխանատու ընդդիմության և պոպուլիստական իշխանության միջև, որը ապրում է միայն այսօրվա օրով։
ՀՀԿ‑ի՝ ավելի լայն ընդդիմադիր նախագծին աջակցելու որոշումը նա համարում է օրինակ հրաժարվելու նեղկուսակցական հավակնություններից՝ հանուն ավելի մեծ նպատակի։ Խոսքը ոչ թե դադար վերցնելու կամ պայքարից հեռանալու, այլ վերաձևավորվելու մասին է։ Կուսակցությունը միաժամանակ սկսել է ներսում վերափոխման գործընթաց և ներկայացրել է իր աջակցությունը իրական ընդդիմադիր դաշտին՝ առաջարկելով համատեղ օրակարգ և համակարգված ռազմավարություն։
Աբրահամյանի համոզմամբ՝ առանց փողոցը վերցնելու և ներքաղաքական օրակարգի նկատմամբ վերահսկողություն հաստատելու, միայն ընտրություններով իշխանություն փոխելն այս փուլում պարզապես անհնար է։ Նա ընդգծում է, որ ՀՀԿ-ն պատրաստ է դրա մեջ ներդնել իր ողջ պոտենցիալը՝ կազմակերպչական հնարավորություններից մինչև քաղաքական փորձ, և կոչ է անում ընդդիմադիր մյուս ուժերին ընտրություններին մասնակցելուն զուգահեռ լուրջ վերաբերվել փողոցային և հասարակական-քաղաքական ճնշման գործիքներին: Նման դիրքորոշումը նա ընդգծել է նաև այլ հրապարակային ելույթներում։
Միևնույն ժամանակ Հանրապետականը հրաժարվում է «թրենդային» թեմաների հետևից վազելուց միայն վարկանիշ ապահովելու համար։ Կուսակցության ծրագրային ու գաղափարական հիմքում կան սկզբունքներ, որոնք սակարկելի չեն, և դրանցից մեկը վերաբերում է Արցախին։ Կուսակցության համար, որի առաջնորդներից է Արցախի ինքնապաշտպանության և անկախության գործում առանցքային դեր ունեցած անձը, անընդունելի է այն մոտեցումը, երբ իշխանությունը աթոռը և փողը դնում է առաջին պլան, իսկ հողն ու պատմությունը՝ երրորդական։
Աբրահամյանը առանձնահատուկ է հիշատակում Դավիթ Բաբայանի պատմությունը․ նրա խոսքով՝ խոսքը «կամավոր ճակատագրին հանձնվելու» մասին չէր․ ադրբեջանցիները պահանջ էին ներկայացրել, որ Բաբայանը ներկայանա և հանձնվի, հակառակ դեպքում՝ սպառնացել էին փակել հումանիտար միջանցքը և թույլ չտալ արցախցիների ելքը իրենց հայրենիքից։ Այս ֆոնին առավել ցավոտ է գիտակցել, որ Հայաստանում չկա այնպիսի իշխանություն, որի համար գերիների և դատապարտվածների հարցը լիներ իսկապես օրակարգային, այլ ոչ թե ներքաղաքական շահերի սպասարկման գործիք։
Նա շեշտում է, որ այսօր փորձում են հաջողության հասնել այն պետությունները, որոնք փոխում են ռազմաքաղաքական մտածողությունը, հարմարեցնում են իրենց պաշտպանական մոդելները նոր պատերազմների տրամաբանությանը, հստակ ձևակերպում են իրենց նպատակներն ու հակառակորդին ժամանակից շուտ ծնկի բերելու ուղիները։ Մինչդեռ գործող իշխանությունը կառավարման տարիներին միայն ջախջախել է բանակը, փլուզել է բարոյահոգեբանական վիճակն ու մարտունակությունը, և դժվար է պատկերացնել, թե ինչի կվերածվեն զինված ուժերն ու անվտանգության համակարգը, եթե այդ թիմը կրկին պահպանի իր իշխանությունը:
Աբրահամյանը նաև խոսում է ներքին և արտաքին քաղաքականության «վտանգավոր դինամիկայի» մասին․ ներկայիս իշխանությանը հատուկ արկածախնդրությունն ու անկանխատեսելիությունը խնդիր են ստեղծելու ոչ թե այն մարդկանց համար, որոնք արդեն ապահովել են իրենց անձնական բարեկեցությունը, այլ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար՝ պաշտպանությունից մինչև տնտեսություն։ Նրան հատկապես վիրավորում է այն հանգամանքը, որ այսօր զինված ուժերում կան սպաներ, հատկապես բարձրագույն սպայակազմում, որոնք անցել են Արցախյան պատերազմներով, բայց լռությամբ հանդուրժում են, որ իրենց արյամբ պահած և պաշտպանած հայրենիքը այսօր հայտարարվում է Ադրբեջան, իսկ ոտնձգությունները հայկական դրոշի և խորհրդանիշների նկատմամբ մնում են անպատասխան:













































































