Գոյություն ունի սխալ պատկերացում, թե երկրի ներսում տեղի ունեցող գործընթացները կապ չունեն աշխարհաքաղաքական զարգացումների հետ։

Իրականությունը ճիշտ հակառակն է:

2018 թվականի դավադրությունն ուներ աշխարհաքաղաքական դրդապատճառներ և դարձավ 2020-ի պատերազմի նախերգանքը: «Քաղաքացիական պայմանագիրը» պատերազմի կուսակցություն է, որը ձևավորվել է հենց Արցախը հանձնելու համար: Արցախի կորուստը նույնպես միտված էր աշխարհաքաղաքական վերադասավորումների իրականացմանը: Հենց դրա պատճառով էլ 2020 թվականին մեր դեմ գործում էր միջազգային կոալիցիա։

TRIPP-ը և Արցախի հանձնումը նույն շղթայի օղակներ են:

Իրանի դեմ պատերազմը պետք է դառնար այդ աշխարհաքաղաքական ծրագրի հաջորդ փուլը, սակայն այն տապալվեց: Ձախողվում է նաև նախապես պատրաստված ծրագիրը:

TRIPP-ի ձախողումը նշանակում է նաև «Քաղաքացիական պայմանագրի»՝ որպես պատերազմի կուսակցության, ձախողում: «Քաղաքացիական պայմանագիրն» այլևս անելիք չունի, սակայն դրա տապալմամբ սկսվում է մի նոր ծանր փուլ, որը մենք պետք է միասին անցնենք:

Մեր պարտությունը նախ և առաջ քաղաքական մտքի պարտություն էր։ Ավելի ճիշտ՝ կոլեկտիվ քաղաքական մտքի բացակայության և դրա հետևանքով իրական քաղաքական համակարգ չունենալու արդյունք։

Հունիսի 7-ից հետո մեր առաջ կանգնելու է հայոց պետականության մարմնին ներդրված այս խորթ գոյացության՝ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքական հեռացման խնդիրը։ Եվ ամենևին էլ փաստ չէ, որ «Քաղաքացիական պայմանագրի» հեռացմամբ մենք կունենանք կայացած քաղաքական միավորներ. իրականում ամեն ինչ հակառակն է:

Հունիսի 7-ից հետո առաջնահերթ խնդիր է դառնալու կայուն քաղաքական համակարգի կառուցումը։