
«Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունները 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահումը հասցրել են աննախադեպ մակարդակի: Այս անգամ չարաշահման գործիք է դարձել պետական «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որի YouTube հարթակով ուղիղ եթերով ցուցադրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը:
«Արմենպրես»-ի YouTube-ալիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս գործակալության ակնհայտ կողմնակալ մոտեցումը: Իշխող քաղաքական ուժի միջոցառումները համակարգված լուսաբանվում են ուղիղ եթերի ձևաչափով, մինչդեռ որևէ այլ քաղաքական ուժերի համագումարները, հավաքները կամ ժողովները այդ հարթակում ուղիղ եթերով չի հեռարձակվում:
Նման գործելաոճը չի կարող դիտարկվել միայն որպես տեղեկատվության տարածում: Փաստացի, պետական միջոցներով ֆինանսավորվող լրատվական ռեսուրսը սպասարկում է մեկ քաղաքական ուժի քարոզչական նպատակները:



















































































